Հաստատված է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի
կառավարման խորհրդի 2018թ. սեպտեմբերի 19-ի նիստում
ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` Կրթահամալիր) երաժշտության դպրոց ուսումնական կենտրոնը (այսուհետ՝ կենտրոն) կրթահամալիրի մասնաճյուղ է:
2. Կենտրոնի ղեկավարին (այսուհետ՝ Ղեկավար) կրթահամալիրի տնօրենի (այսուհետ՝ Տնօրեն) ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ):
3. Կենտրոնը իրավաբանական անձ չէ, չունի առանձին հաշվեկշիռ և բանկային հաշիվ:
4. Կենտրոնը Կրթահամալիրի կողմից լիազորված է իրականացնելու կրթահամալիրի գործունեության առարկայից, նպատակներից և խնդիրներից բխող գործունեություն:
5. Կենտրոնի կանոնադրությունը և դրա փոփոխությունները Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը:
6. Կենտրոնը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Կրթահամալիրի և կենտրոնի կանոնադրություններով:
7. Կենտրոնը կարող է ունենալ չկոդավորված կնիք, ձևաթուղթ և խորհրդանիշ:
8. Կարճ անվանումն է` երաժշտության դպրոց:
9. Կենտրոնն ունի էլեկտրոնային բլոգ, որը գործում է որպես Կենտրոնի պաշտոնական տեղեկատվական օրգան, զանգվածային լրատվական միջոց։
10. Կենտրոնը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կրթահամալիրում սահմանված կարգով կարող է համագործակցել այլ հաստատությունների, (այդ թվում՝ օտարերկրյա) և կազմակերպությունների հետ:
II. ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱՌԱՐԿԱՆ
11. Կենտրոնի գործունեության առարկան հանրակրթական, միջին մասնագիտական, արտադպրոցական (նախասիրական, լրացուցիչ) հեղինակային կրթական ծրագրերի իրականացումն է:
12. Ուսումնական կենտրոնի գործունեության նպատակներն են`
* երաժշտության ազգային դարավոր ավանդույթների վերածնունդը.
* կրթահամալիրի դպրոցների ուսումնական պլաններով որոշված երաժշտության, երգի, պարի դասընթացների կազմակերպումը.
* միջին մասնագիտական, կրթական ծրագրի կազմակերպումը.
* սովորողների և ուսուցիչների ուսումնական-ստեղծագործական , հավաքների, աշխատանքների կազմակերպումը.
* սովորողների և մեծահասակների լրացուցիչ կրթության կազմակերպումը:
13. Ուսումնական կենտրոնի խնդիրներն են.
* կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի մշակման, տարածման համար պայմանների ապահովումը.
* երաժշտության, երգի, պարի լրացուցիչ կրթության կազմակերպումը.
* հեղինակային կրթական բաց ցանցի երաժշտություն, երգ, պար դասավանդողների վերապատրաստումների կազմակերպումը.
* համերգների կազմակերպումը։
III. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
14. Կենտրոնի կառուցվածքը Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը: Իր կանոնադրական նպատակները և խնդիրները լուծելու համար կնտրոնն ունի արվեստանոցներ, լաբորատորիաներ:
15. Հանրակրթական դասընթացները կազմակերպվում են ըստ կրթահամալիրի դպրոցների դասացուցակների: Մասնագիտական ուսուցումը կազմակերպվում է ըստ քոլեջի դասացուցակի:
16. Կենտրոնը կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում ունի երաժշտության պարի սրահներ:
17. Կենտրոնի դասավանդողները կրթահամալիրի մանկավարժական աշխատողներն են:
18. Լրացուցիչ կրթությունը կազմակերպվում է ուսումնառության պայմանագրի համաձայն:
19. Գործիքային, վոկալի պարապմունքները անհատական են:
20. Սոլֆեջիո առարկայի պարապմունքները անց են կացվում մինչև 10 հոգիանոց խմբերով:
21. Սոլֆեջիո առարկայի ուսուցումը իրականացվում է ուսուցողական թվային միջոցների կիրառումով՝ նոտագրություն, մուտքագրում, պարտիտուրների ստեղծում Sibelius ծրագրով:
22. Լրացուցիչ կրթական ծրագիրը սահմանված կարգով ավարտողը, իր ցանկությամբ, ստանում է համապատասխն վկայական։
IV. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
23. Կենտրոնի ընթացիկ ղեկավարումն իրականացնում է Ղեկավարը:
24. Կենտրոնի ղեկավարը`
* կազմակերպում և ղեկավարում է կենտրոնի ընթացիկ գործունեությունը.
* Խորհրդի հաստատմանն է ներկայացնում կենտրոնի զարգացման ծրագիրը.
* համակարգում է կենտրոնի կազմում գործող ակումբների աշխատանքը.
* կազմակերպում է սովորողների ուսումնական գործունեությունը՝
* ստեղծում է սովորողի և ուսուցչի առողջության, հիգիենայի, սննդի, ֆիզիկական և հոգևոր զարգացման համար անհրաժեշտ պայմաններ.
* վերահսկողություն է իրականացնում կենտրոնի ինքնասպասարկման աշխատանքների կազմակերպմանը.
* հետևում է պարտադիր գործածության երաշխավորված փաստաթղթերի վարմանը և պահպանմանը.
* սահմանված կարգով ներկայացնում է կենտրոնի գործունեության կիսամյակային, տարեկան հաշվետվությունները.
* օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն օրենքների, հիմնադրի, նախարարության, Խորհրդի, Տնօրենի որոշումների, այլ իրավական ակտերի և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.
* կենտրոնի աշխատանքները կազմակերպելու համար Տնօրենին առաջարկություն է ներկայացնում աշխատող ընդունելու մասին.
* կատարում է Տնօրենի հանձնարարություններ.
* ղեկավարի բացակայության դեպքում, Տնօրենի որոշման համաձայն, նրա լիազորություններն իրականացնում է այլ անձ:
V. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Տնօրենը կրթահամալիրին օգտագործման հանձնված և կրթահամալիրի սեփականություն հանդիսացող գույքից ամեն տարի կենտրոնի հատկացնում է գույք, միջոցներ:
Կենտրոնի ղեկավարը պատասխանատու է կենտրոնին հանձնված տարածքի, գույքի, սարքերի պահպանման և խնամքի համար:
Կենտրոնի ֆինանսական միջոցները գոյանում են պետական հատկացումներից, լրացուցիչ կրթության վարձավճարներից, նվիրատվություններից, առանձին անհատների, կազմակերպությունների ներդրումներից:
Կենտրոնի ֆինանսական հաշվառումը կատարում է կրթահամալիրի հաշվապահությունը: